Բաժինը վարում է ՝

ՀՈԳԵԲԱՆ. ԼՈԳՈՊԵԴ.ԱՐՏԹԵՐՊԵՎՏ.ԴԵՖԵԿՏՈԼՈԳ(հատուկ մանկավարժ)  մասնագիտական խումբը

Տարբեր հնչյուններ մենք կարողանում ենք ճիշտ արտասանել մեր արտաբերական ապարատի օրգանների  (լեզու, շուրթեր, ստորին ծնոտ, փափուկ քիմք) ճկունության և շարժունակության շնորհիվ: Խոսքային գործունեության ընթացքում այս օրգանների շարժումների տարբերակումը, ճշգրտությունն ու ճկունությունը աստիճանաբար են զարգանում:

Արտաբերական վարժությունների նպատակն է  պատրաստել երեխայի արտաբերական ապարատը ճիշտ հնչարտաբերման համար:

Արտաբերական վարժությունները պետք է կատարել ամեն օր, որպեսզի երեխայի կողմից ձեռք բերված հմտություններն ամրապնդվեն: Ցանկալի է օրվա ընթացքում 3 – 4 անգամ անդրադառնալ վարժություններին` 3 – 5 ր. տևողությամբ: Նպատակահարմար է երեխային առաջարկել 2 – 3 վարժությունից ոչ ավելի:

Վարժություններն ընտրվում են պարզից բարդ սկզբունքով: Շատ կարևոր է այդ ամենը կազմակերպել դրական հուզական մթնոլորտում` ստեղծելով  խաղային իրավիճակներ:

Ընտրված 2 – 3 վարժություններից միայն մեկը կարող է նորություն լինել, մյուս երկուսը տրվում է կրկնության և ամրապնդման համար: Եթե երեխան որևէ վարժություն այնքան էլ լավ չի կատարում, մի շտապեք ավելացնել նորը. առավել արդյունավետ է հին նյութը խաղարկել նոր տարբերակներով:

Արտաբերական վարժություններ կատարելիս երեխան պետք է լավ տեսնի ինչպես Ձեր, այնպես էլ իր դեմքը. դա հնարավորություն կտա ինքնուրույն վերահսկելու շարժումները: Այս նպատակով երեխան և մեծահասակը պետք է լինեն հայելու առաջ:

Շատ կարևոր է վարժությունները կատարելիս հետաքրքրել երեխային, խրախուսել նույնիսկ նրա  ամենափոքր  ձեռքբերումը` ստեղծելով դրական հուզական տրամադրվածություն:

Եթե Ձեր երեխան վարժությունները կատարում է երկար ժամանակ (մոտ 1 ամիս), սակայն արտաբերական ապարատի շարժումները չեն դառնում սահուն, ճշգրիտ, դա կարող է նշանակել, որ այնքան էլ ճիշտ չեք կատարել վարժությունները կամ Ձեր երեխայի խնդիրն ավելի լուրջ է, քան կարծում էիք: Երկու դեպքում էլ անհրաժեշտ է դիմել մասնագետի օգնությանը:

ԽԱՂԵՐ

(լեզվի վարժություններ)

1.  Ես ուրախ եմ

Նպատակը:  Շուրթերի մկանների շարժունակության զարգացում:

Ընթացքը: Բերանի անկյունները բարձրացնել վերև: Այդ դիրքում պահել 1 րոպե:

2.  Ես տխուր եմ: 

Նպատակը:  Շուրթերի մկանների շարժունակության զարգացում:

 Ընթացքը:  Բերանի անկյունները իջեցնել ներքև: Այդ դիրքում պահել 1 րոպե:

3.  Նպատակը: Լեզվի մկանների շարժունակության զարգացում:

Ժպտալ, լեզուն ուղիղ, սուր ծայրով հանել դուրս, ձգել որքան հնարավոր է առաջ և տանել հետ: Կատարել 10 անգամ, անշտապ, ռիթմիկ, հավասարաչափ:

4.  Ժպտալ, շուրթերը պահել ձգած և լեզուն թեքել դեպի բերանի անկյունները` մեկ մի կողմ, մեկ` մյուս, այնպես, որ լեզվուն սուր ծայրով դիպչի բերանի անկյուններին (10 անգամ):

Թիկ-թակ, թիկ – թակ,

Ժամացույցն է վազում արագ:

5.  Ճոճանակ

Բերանը լայն բացել, ձգել շուրթերը և լեզուն թեքել դեպի վեր, հետո` վար: Հետևել, որ լեզվի ծայրը հպվի հենց շուրթերին (10 անգամ):

Ճոճանակի վրա այսպես,

Վերուվար եմ անում ես:

6.  Լեզուն շարժել խաչաձև: Նախորդ 2 վարժությունները կատարել միասին:

7.  Ժպտալ այնպես, որ մի փոքր երևան վերևի ու ներքևի ատամները, ապա լեզուն թեքել դեպի վերին շրթունքը և սահեցնելով տանել բերանի անկյունները: Հետևել, որ լեզվի ծայրը ծալվի վեր և շրթունքի վրայով սահեցնելիս լեզուն չդիպչի ներքևի շրթունքին, այսինքն այն ևս լինի ձգված և մի փոքր երևան ատամները:

Նույնը կատարել նաև ներքևի շրթունքի վրա:

8. Օղակ

Բերանը բացել օղակաձև և միացրած կատարել նախորդ 2 վարժությունները, այսինքն լեզուն օղակաձև պտտել` լեզվի սուր ծայրը հպելով  շուրթերին: Լեզուն օղակաձև պտտել նախ մի ուղղությամբ (5 անգամ),  ապա` մյուս (5 անգամ):

9. Հաշվենք ատամները

Ժպտալ, լեզվի ծայրով մեկ-մեկ հաշվել նախ վերևի ատամները, ապա` ներքևի:

Հեղինակային   իրավունքները՝

Սուսաննա Դավթյան

«Բժշկական Գենետիկայի և Առողջության Առաջնային պահպանման կենտրոն»

artlogopsy@gmail.com  055 67 26 43