images

        Կար-չկար մի կին կար:  Նա ուներ չորս աղջիկ, չորսն էլ այնքա~ն գեղեցիկ, այնքա~ն բարի,այնքա~ն ազնիվ:  Մարդիկ, կենդանիները, ողջ բնությունն անկարող էին ապրել առանց նրանց:   Աղջիկներից մեկի անունը Գարուն էր, մյուսինը` Ամառ, երրորդինը` Աշուն, վերջինինը` Ձմեռ: Գարունը մարդկանց ծաղիկներ էր նվիրում  և բնությունը լցվում էր անուշահոտ բույրով: Ամառը մարդկանց ջերմացնում էր և անուշահամ մրգեր նվիրում: Աշունը բնությունը ներկում էր բազմագույն երանգներով, բերք ու բարիքով լցնում մառանները: Իսկ երբ Ձմեռն էր իր ողջ հմայքով շրջում, դաշտ ու ձոր սպիտակ զգեստներ էին հագնում: Մի անգամ քույրերն անհետանում են: Պարզվում է` նրանց չար կախարդն է գերել: Մարդիկ շատ են տխրում առանց նրանց և որոշում են որոնել ու գտնել գեղեցկուհիներին: Եվ այդ փնտրտուքն անիմաստ չի անցնում: Երբ գտնում են կախարդին, շա~տ են խնդրում, որ բաց թողնի աղջիկներին, նույնիսկ` փոխարենը մեկ պարկ ոսկի են խոստանում: Հենց որ կախարդը ոսկու անուն է լսում,ոտքերը թուլանում են, և անմիջապես խոստանում է ազատ արձակել քույրերին,բայց միայն մի պայմանով. նրանց բաց կթողնի հերթով, իսկ մյուս երեքին գերի կպահի: Եվ այսպիսով, մինչ օրս, քույրերը հերթով գալիս են, երեք ամիս մնում ու հեռանում:

           հեղ՝ ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ