Բոլոր երեխաներն էլ վախ ունեն իրենց սրտում: Այդ վախերը բազմաթիվ են և տարատեսակ: Շատ տարածված են մթության, կենդանիների, հրեշների, բարձր ձայների, քամիների, օտարների, ինչպես նաև լքված լինելու, բազմաթիվ մարդկանց մեջ գտնվելու և շատ այլ նոր իրավիճակներում հայտնվելու վախերը:
Թեև վախն ինտենսիվորեն արտահայտվող էմոցիա է, այնուամենայնիվ, հարկավոր է տարբերել նրա սովորական, տարիքային և պաթոլոգիկ մակարդակները:
Սովորական վախը կարճատև է, տարիքի հետ հաղթահարելի, էականորեն չի ազդում երեխայի բնավորության, վարքի և մարդկանց հետ փոխհարաբերությունների վրա, ավելին՝ որոշ դեպքերում ունի պաշտպանական բնույթ: Սակայն որոշ երեխաների մոտ վախը կարող է նորմայի սահմաններից դուրս լինել: Այն կարող է համապարփակ խուճապի վիճակ, սարսափի զգացողություն կամ ոչ նորմալ հակակրանք առաջացնել, որը կոչվում է ֆոբիա:
Երեխաներն իրենց զարգացման ընթացքում ունենում են մի շարք ընդհանուր վախեր.
- 2-4 տարեկան հասակում սովորական երևույթ են ամպրոպի, մթության, կենդանիների և օտարների նկատմամբ ունեցաց վախերը:
- 4-6 տարեկան հասակում երեխաներն ամենից հաճախ վախենում են երևակայական էակներից, իչպիսիք են հրեշներն ու ուրվականները:
- 6-8 տարեկան հասակում երեխաների մոտ առկա է մահվան վախը, վախ՝ ինչ-որ բան այնպես չանելու, դպրոցից ուշանալու:
- 8-10 տարեկան երեխաների շրջանում առավել տարածված են ֆիզիկական վտանգների և փողոցային բռնության նկատմամբ տածած վախերը:
Ծնողներին խորուրդ է տրվում ընդունել, որ վախը ընկալված վտանգ է, և այն հաղթահարելու լավագույն միջոցը դրա հանդեպ կոնկրետ մոտեցում ցուցաբերելն է.
- Որոշեք, թե կոնկրետ ինչն է, որ վախ է առաջացնում երեխայի մոտ:
- Խրախուսեք նրան խոսել այդ մասին և փորձեք պարզել խնդրի պատճառն ու բնույթը:
- Մի՛ թերագնահատեք երեխայի վախը, մի՛ ծաղրեք և մի՛ անտեսեք այն, հասկացրեք, որ ընդունում եք այն, սակայն հետևեք, որ չթեժացնեք իրավիճակը՝ ցույց տալով, թե այն իրապես հիմնավորված է:
- Կարևոր է նաև երեխային հանգստացնելիս չափը չանցնելը: Չափազանցված մխիթարությունը և ուշադրությունը կարող են երեխային բերել այն համոզման, թե վախենալու ինչ-որ պատճառ, այնուամենայնիվ, կա:
- Հաջողության հասնելու և սեփական անձի մասին դրական պատկերացում ստեղծելու, անկախություն և պատասխանատվություն ձեռք բերելու հնարավորություն ընձեռեք երեխային, ինչն առավել վստահություն կպարգևի նրան:
- Գովեք և պարգևատրեք ձեր երեխային՝ խիզախություն դրսևորելու և վախը հաղթահարելու դեպքում:
Սակայն, եթե երեխայի մոտ անհանգստությունը, վախը խրոնիկ բնույթ են կրում, երեխան գտնվում է անընդհատ լարված վիճակում, հազվադեպ է ծիծաղում, միշտ լուրջ է և մտահոգ, մկանները լարված են, շուտ է հոգնում, ունի գլխացավեր և սպազմ մարմնի տարբեր մասերում, արտահայտված շնչառություն, դյուրագրգիռ է, դժվարությամբ է քնում, քանի որ առաջանում են տարբեր տիպի կպչուն մտքեր, զգացողություններ, ինչպես նաև դժվարանում է փոխհարաբերություններ հաստատել շրջապատող մարդկանց հետ, ապա անհրաժեշտ է դիմել մասնագետի օգնությանը:
Հեղինակային իրավունքը՝ հոգեբան Աննա Հարությունյանի
«Բժշկական Գենետիկայի և Առողջության Առաջնային Պահպանման Կենտրոն»
Աբովյան 34/3, 5-րդ հարկ, 20 սենյակ
artlogopsy@gmail.com հեռ. 055 15 65 15
Barev dzez kaseq inch arje erexaji mek ajc@
Բարև. զանգահարեք այս հեռախոսահամարով.
095701532