imagesՇ Լ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Շլությունը (STRABISMUS) — աչքերի այնպիսի դիրքն է, երբ նրանցից մեկի տեսողության գիծն ուղղված է առարկայի դիտմանը, իսկ մյուսինը շեղված է նրանցից: Շլությունը հաճախ սկսվում է 3-4 տարեկան երեխաների մոտ: Շլության ժամանակ հաճախ տեսողությունը աչքերից մեկում միանգամից նվազում է: Շլությունը լինում է բնածին կամ ձեռքբերովի: Բնածին շլության ժամանակ բացակայում է բինոկուլյար տեսողությունը և դիտվում է բարձր միոպիա: Շլության երկու տեսակի ժամանակ անհրաժեղտ է ակկոմոդացիա, ինչը խիստ կապված է տեսողության կոնվերգենցիայի հետ:

Ըստ շեղված աչքի տեսողության գծի ուղղության՝ տարբերում են մ ո տ ե ց ո ղ (ներքին) և հ ե ռ ա ց ո ղ (արտաքին) շլություններ:

Շլության այս տեսակներն իրարից տարբերվում են էական առանձնահատկություններով: Առավել հաճախակի է հանդիպում մոտեցող շլությունը (հատկապես երեխաների մեջ):

Մ ո տ ե ց ո ղ շլությունն ունի մի շարք բնութագրական նշաններ : Դրանցից մեկը աչքի շարժունակության սահմանափակությունն է՝ չնայած աչքերից մեկի տեսողության գծի ոչ ճիշտ ուղղվածությանը: Այդ պատճառով շլացած աչքը շարժումներ է կատարում բոլոր ուղղություններով այնքան, որքան ոչ շիլ աչքը: Մոտեցող շլության ժամանակ կարող է շլվել ինչպես մշտապես մեկ աչքը (միակողմանի շլություն), այնպես էլ հերթականությամբ՝ մեկ աջը, մեկ ՝ ձախը :

Մոտեցող շլությանը բնութագրական է տեսողության անկումը՝ առանց կազմախոսական փոփոխությունների (ամբլիոպիա): Սակայն մոտեցող շլությանը առանձնապես տիրապետական է այն, որ այդպիսի երեխաների մեջ բացակայում է բինոկուլյար տեսողությունը :

Հ ե ռ ա ց ո ղ շլությունը բազմաթիվ հատկանիշներով տարբերվում է մոտեցող շլությունից: Եթե վերջինս սովորաբար ծագում է մանկական տարիքում, ապա հեռացող շլությունը կարող է առաջանալ ցանկացած տարիքում: Հեռացող շլության ժամանակ շլացած աչքի շարժունակությունն այս կամ այն աստիճանով սահմանափակվում է: Այս տիպի շլության ժամանակ հիվանդները բողոքում են դիտվող առարկաների երկակիությունից, մի բան, որը սովորաբար չի նկատվում մոտեցող շլության ժամանակ: Հեռացող շլության ժամանակ շլացող աչքի տեսողության սրությունը երկար ժամանակ մնում է անփոփոխ, այնինչ մոտեցողի ժամանակ մկատվում է տեսողության անկում :

Հեռացող շլության հիմքում ընկած են ակնաշարժ մկաններից մեկի կամ մի քանիսի թուլացումը կամ գործառույթի ամբողջական անկումը: Սա մեծապես առաջանում է կենտրոնական նյարդային համակարգի հիվանդության պատճառով: Այս երևույթի պատճառները կարող են լինել տարբեր հիվանդություններ (վարակներ, արյան զեղումներ, վնասվածքներ, ուռուցքներ և այլն): Հեռացող շլությունը կախված է

հիվանդության պատճառից, և բուժումը պետք է նպատակաուղղված լինի դրանց վերացմանը :

Հեռատեսությամբ տառապող երեխաների մոտ շատ հաճախ դիտվում է մոտեցող շլություն, իսկ կարճատեսների մոտ՝ հեռացող շլություն: Պրոֆիլակտիկայի համար անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ կատարել ստուգումներ: Երբ հայտնաբերվում է շլություն, պետք է միանգամից սկսել բուժումը, և ոչ մի դեպքում չպետք է հուսալ, որ շլությունը ինքն իրեն կանհետանա: Բուժումը պետք չէ ձգձգել` մինչև երեխայի մեծանալը: Եթե բժիշկը երեխային ակնոց է նշանակել, ապա և՛ ծնողները, և՛ ուսուցիչները պետք է ուշադիր լինեն, որպեսզի այն ճիշտ օգտագործվի, քանզի ակնոցը բուժման ամենապրակտիկ և արդյունավետ միջոցն է :

Ոչ մի դեպքում չի կարելի, որ երեխան ակնոց կրի առանց ակնաբույժի խորհրդի: Եվ չի կարելի դադարեցնել բուժումը առանց բժշկի թույլատրման: Պետք է հիշել, որ անավարտ բուժման հետևանքով ոչ միայն կարող է շլությունը վերսկսվել, այլ կարող է տեսողության նվազում դիտվել: Շլությունը բուժելուց առաջ պետք է գիտենալ, որ ընթացքը կարող է երկար տևել :

Եթե պահպանողական բուժումը (ակնոց կրելը, տեսողական վարժությունները և այլն), օգուտ չեն տալիս, ապա պետք է դիմել վիրահատության, որից հետո

անհրաժեշտ է շարունաակել պահպանողական բուժումը: Վիրահատվում են ակնաշարժ մկանները՝ մի դեպքում նրա համար, որպեսզի թուլացվի առավել ուժեղ (շլացող) մկանը, մեկ այլ դեպքում՝ առավել թույլը ուժեղացնելու համար :

Հարկավոր է գիտենալ, որ ամենադրական ու ցանկալի արդյունքը լինում է այն

ժամանակ, երբ շուտ են հայտնաբերվում շլության սիմպտոմները :

Այդուհանդերձ պետք է կանխել շլության առաջացումը: Դրա համար պետք է հետևել տեսողության զարգացման ընթացքին, պետք է օրվա գրաֆիկը ճիշտ կազմել, խստագույնս հետևել տեսողության հիգիենայի ճիշտ կատարմանը, և հատկապես, որ ճիշտ լուսավորված լինի աշխատանքային սեղանը, դասարանը, խաղասենյակը և այլն :

Անհրաժեշտ է, որպեսզի երեխաները պաշտպանված լինեն տարբեր ինֆեկցիոն հիվանդություններից, օրգանիզմում վիտամինների պակասից, կյանքի համար որոշ վտանգավոր ապորտաձևերից և այլն :

Սոֆիյա Մովսիսյան

Տիֆլոմանկավարժ