images

 

Գրավոր խոսքն ունի խոսքային գործունեության երկու տեսակ` գիր և ընթերցանություն: Գրի խանգարումներն անվանում են դիսգրաֆիա, իսկ ընթերցանության խանգարումները` դիսլեքսիա: Այս խանգարումներն  ավելի հաճախ ի հայտ են գալիս զուգակցված, սակայն կարող են դրսևորվել նաև որպես առանձին, ինքնուրույն խանգարում: Գրի լրիվ բացակայությունը կոչվում է ագրաֆիա, ընթերցանության անընդունակությունը` ալեքսիա:

Դիսլեքսիան ընթերցանության պրոցեսի մասնակի խանգարում է, որը պայմանավորված է բարձրագույն հոգեկան ֆունկցիաների թերզարգացմամբ և արտահայտվում է կայուն բնույթի կրկնվող սխալներով: Ընթերցանության խանգարումները բավականին շատ են տարածված երեխաների շրջանում, ընդ որում  4 — 5 անգամ ավելի հաճախ հանդիպում է տղաների մոտ:

Դիսլեքսիայի առաջացման պատճառները մինչ օրս էլ վիճաբանությունների տեղիք են տալիս: Շատ հեղինակներ գտնում են, որ առկա է ժառանգական նախատրամադրվածություն: Որոշ գիտնականներ էլ բացառում են նման մոտեցումը:  Դիսլեքսիայով երկվորյակների հետազոտությունները ցույց տվեցին, որ դիսլեքսիայի ծագումը պայմանավորող որոշ գործոններ, այնուամենայնիվ, ժառանգական բնույթ ունեն: Դիսլեքսիան հաճախ պայմանավորված է լինում գլխուղեղի` ընթերցանության պրոցեսին մասնակցող գոտիների օրգանական վնասվածքներով: Ընթերցանության խանգարումներով երեխաների խմբում մեծ թիվ են կազմում ուղեղային մինիմալ դիսֆունկցիայով երեխաները, հոգեկան զարգացման հապաղում, բանավոր խոսքի ծանր խանգարումներ, ուղեղային կաթված, լսողության  խանգարումներ և մտավոր հետամնացություն ունեցողները:

Համաձայն Ռ. Ե. Լալաևայի դասակարգման տարբերում են  դիսլեքսիայի հետևյալ տեսակները.

  • ֆոնեմատիկական
  • սեմանտիկական
  • ագրամատիկական
  • մնեզտիկական
  • օպտիկական
  • տակտիլային:

Դիսլեքսիայով երեխաների մոտ նկատվում են սխալների հետևյալ խմբերը.

  • ընթերցելիս հնչյունների փոխարինումներ և շփոթումներ (հատկապես արտաբերմամբ մոտ հնչյունների), ինչպես նաև գրաֆիկորեն նման տառերի փոխարինումներ
  • տառային ընթերցում (անվանում է առանձին տառերը, սակայն վանկ կամ բառ չի կազմում)
  • բառերի հնչյունավանկային կառուցվածքի աղավաղումներ, որոնք արտահայտվում են հնչյունների կամ վանկերի բացթողումներով, ավելացումներով, տեղափոխումներով
  • կարդացածի իմաստն ընկալելու դժվարություններ, որոնք արտահայտվում են առանձին բառի, նախադասության կամ տեքստի մակարդակով, ընդ որում ընթերցանության տեխնիկական կողմի խանգարումներ չեն դիտվում
  • ագրամատիզմներ ընթերցանության ժամանակ (հոլովական վերջավորությունների, գոյականի դեմքի, թվի ամհամապատասխանություն):

Դիսլեքսիան սովորաբար ուղեկցվում է նաև ոչ խոսքային խանգարումներով: Ընթերցանության խանգարում ունեցող երեխաները դժվարանում են կողմնորոշվել տարածության մեջ, ընկալել մարմնի իրական ձևն ու չափերը: Ուշ է ձևավորվում մարմնի աջ և ձախ կողմերի տարբերակումը:

Դիսլեքսիայով երեխաների հետ աշխատելիս անհրաժեշտ է ձևավորել կամ զարգացնել`

  • հնչութային ընկալումը (հնչույթների տարբերակում)
  • հնչութային վերլուծությունը
  • տեսողական վերլուծությունն ու համադրությունը (տառերի տարվերակում)
  • տարածական պատկերացումները (աջ – ձախ, վերև — ներքև, մեծ – փոքր, վրա – տակ և այլն)
  • տեսողական հիշողությունը
  • կապակցված բանավոր խոսքը
  • էմոցիոնալ ոլորտը
  • նուրբ և ընդհանուր մոտորիկան
  • հասակակիցների հետ շփումը:

 

 

Հեղինակային իրավունքը՝

լոգոպեդ, հատուկ մանկավարժ Սուսաննա Դավթյանի

«Բժշկական Գենետիկայի և Առողջության Առաջնային Պահպանման Կենտրոն»

Աբովյան 34/3, 5-րդ հարկ, 20 սենյակ, հեռ. 055 70 10 75